Հայաստանի Ազգային գրադարանում տեղի է ունեցել Հասմիկ Հարությունյանի «Օրորներ» գրքի շնորհանդեսը

Սիրված երգչուհի ու մտավորական Հասմիկ Հարությունյանը ներկայացրել է իր «Ակնա օրոր»-ը:

«Հասմիկ Հարությունյանի «Հայկական օրորոցայինները» եզակի հավաքածու է` հուզականությամբ, արժանապատվությամբ ու նրբագեղությամբ լի, և մատուցված է բնական և հարազատ ձայնով՝ զերծ թանգարանային ոճի մեկնաբանությունների չորությունից կամ ձայնագրման զարդարանքներից: Սրանք կենդանի երգեր են՝ պարուրված մեղմ դրամատիզմով և ոգեղենությամբ», - նշում է լրագրող Գարիկ Ավետիսյանը։

Մարտի 12-ին հանդիպում-քննարկում էր կազմակերպվել Հայաստանի Ազգային գրադարանում: Միջոցառմանը ներկա էին մշակութային, պատմական գործիչներ՝մասնակցելու սիրված մտավորական ֆոլկ երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Հասմիկ Հարությունյանի «Օրորներ» գրքի շնորհանդեսին:

Գիրքը գրված է երկու լեզուներով՝ հայերեն ու անգլերեն: Այն ներկայացնում է պատմական Հայաստանի տարբեր շրջանների բարձրարժեք օրորոցային երգերը, որը համահավաք ընտրանի է համարվում: Գիրքը գրելիս հեղինակն օգտվել է տպագիր ու անտիպ աղբյուրներից՝ հավաքելով ու դասակարգելով շուրջ 57 երգ: Ժողովածուն ունի աղբյուրների հարուստ ցանկ, բարբառային և օտարալեզու բառերի բառարան, կից ձայնասկավառակ՝ բազմաթիվ օրորոցային երգերի առաջին կատարումներով: Գրքում տեղեկություն կա նաև այն մարդկանց մասին, ովքեր տրամադրել կամ նրանցից վերցված են երգերը: Այն նախատեսված է ավանդական օրորոցային երգի ժանրով հետաքրքրվողների համար և նվիրված է Կոմիտաս վարդապետի ծննդյան 150 ամյակին:

Նշենք, որ հեղինակը գիրքը հրատարակել է անձնական միջոցներով: Միջոցառման ընթացքում Սիրված երգչուհին հանդիպում-քննարկման մասնակիցներին օրորոցայինների մասին հետաքրքրիր մանրամասներ պատմելուց հետո, տեղում սովորեցրել է նաև օրորոցայիններ երգել:

Բացելով միջոցառումը Հասմիկ Հարությունյանը նշել է, որ միջոցառումն իրականացվել է սեփական ջանքերով: Գրքի մասին խոսելով նա նշել է, որ գրելու գաղափարը ծնվել է եղբոր երեխաների ծնունդից հետո: Գրքում ներկայացված են նրա բեմական երգերը, օտարներին ճիշտ ներկայացնելու, դրա իմաստը չկորցնելու ու չթարգմանելու նպատակով օրորները տառադարձվել են լատինատառ գրության: Գրքում առկա է նաև ճանաչված օրորոցայինների ձայներիզը, որտեղ բացի հին երգերից ներկայացված են Հասմիկ Հարությունյանի առաջին կատարումները: Գրքում առկա է նաև չորս նմուշ Կոմիտասի երգերից, նրա աշակերտ Միհրան Թումաջյանի կատարումներից, Քեսաբի ժողովրդական կատարումներից ու ԽՍՀՄ սիրված դերասան Սամվել Թոփալյանի այն երգն, որի կատարումից օգտվել է հեղինակը:

Նշենք, որ Հասմիկ Հարությունյանը «Շողակն» անսամբլի հիմնադիր անդամներից է, որի կազմում համերգներով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում. ԱՄՆ, Կանադա, Մերձավոր Արեւելք, Ռուսաստան, Եվրոպա և այլուր, ամենահեղինակավոր համերգային դահլիճներում. Theatre De La Ville, Carnegie Hall, Gulbenkian Concert Hall: Հասմիկ Հարությունյանի «Հայկական օրորոցայիններ» ձայներիզը «Նյու-Յորք Թայմս»-ի կողմից հայտարարված մրցույթում ճանաչվել է 2004թ. աշխարհում արտադրված լավագույն հայկական ձայներիզ: Ամերիկյան Traditional Crossroads և շվեյցարական Face Music ընկերությունների կողմից արտադրվել են բազմաթիվ ձայներիզներ Հասմիկ Հարությունյանի մասնակցությամբ: Հայ ժողովրդական «Օրորներ» և մանկական «Լորիկ» ժողովածու-ձայներիզների հեղինակն է։

Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի