ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է․

«ՀՀ-ում արդեն մոտ 200 մարդ է մեկուսացվել կորոնավիրուսի կասկածանքով, նրանք մեկուսացվել են տարբեր եղանակներով՝ թե առանձին բնակավայրերով, թե շենքում ամբողջությամբ», - նշելով, որ չի բացառում` մեկուսացված քաղաքացիների խմբից նոր դրական դեպքեր լինելու հավանականությունը:

«Տրամաբանությունը հետևյալն է՝ մեկուսացված անձինք պետք է պարտադիր սերտ շփված լինեն հաստատված ախտորոշումով պացիենտի հետ: Էջմիածնի դեպքի համաճարակաբանական հետազոտությամբ հայտնաբերել ենք գրեթե բոլոր շփվածներին և այդ աշխատանքները շարունակվում են: Հույս ունենք՝ մեկուսացվածների մոտ հիվանդությունը չի հաստատվի»,- ասել է Թորոսյանը:

Կորոնավիրուսի տարածման դեմ տարվող միջոցառումերի մասին խոսելով՝ նախարարը նշել է, որ անհրաժեշտ է քիչ շփվել այլ անձանց հետ, չհաճախել հանրային միջոցառումների: Դրանց անհնարինության դեպքում՝ պահպանել սոցիալական տարածությունը և խստորեն հետևել հիգիենայի կանոններին:

Թորոսյանը դրական է համարել, որ երկու նոր վարակակիրը ևս նույն համաճարակային խմբից են՝ կապված Էջմիածնի նույն դեպքի հետ: Նախարարը չի բացառել, որ նույն դեպքի հետ կապված կարող են հաստատվել վարակի այլ դեպքեր ևս: Թորոսյանի խոսքով՝ համաճարակային նույն խմբից լինելը կանխատեսելի ու կառավարելի զարգացում է: