ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ իր և տիկնոջ Աննա Հակոբյանի հանձնած կորոնավիրուսի թեստը բացասական արդյունք է ցույց տվել, նրանք վիրուսով վարակված չեն:

«Այս պահի դրությամբ փաստացի ախտորոշված 18 դեպքերից 11-ը Էջմիածնի հայտնի նշանդրեքի դեպքերն են: Կարծես թե, մեզ հաջողվել է այս պահի դրությամբ մեկուսացնել այդ նշանդրեքի մասնակիցներին»,- ասել է Փաշինյանը:

Նա հիշեցրել է, որ Էջմիածնից մոտ 200 մարդ մեկուսացվել է, ու ևս մեկ անգամ հորդորել խուսափել հանրային վայրեր գնալուց, միջոցառումների մասնակցելուց: Փաշինյանը նշել է նաև, որ Կենտրոնական բանկը դիմել է առևտրային բանկերին, որպեսզի վերջիններս վերանայեն կորոնավիրուսի հետևանքով խնդիրներ ունեցող հաճախորդների վարկերի պայմանները:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին՝ խանութներում աժիոտաժ չանելու համար, քանի որ իրավիճակը, ըստ նրա, վերահսկելի է:

«Այս պահին Եվրոպայի ռիսկային վայրերից եկող քաղաքացիները կմեկուսացվեն՝ ոմանք իրենց բնակավայրում, ոմանք՝ առանձին վայրերում: Այդպիսով որևէ հավելյալ ռիսկ չենք ավելացնում»,- ասել է Փաշինյանը՝ կոչ անելով բոլորին հանգստյան օրերը անցկացնել տանը: