Արցախ այցելած թուրք մտավորականները չեն զղջում և Ալիևից ներողություն չեն խնդրել. Հայտարարություն
Չորս թուրք մտավորականները, որոնք սեպտեմբերի 22-ին ճանաչողական այցով մեկնել էին Լեռնային Ղարաբաղ, հայտարարությամբ են հանդես եկել, նշելով, որ Թուրքիայում այդ առնչությամբ ոչ մի հետաքննություն չկա և իրենք չեն զղջում այդ այցելության համար:
«Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշoղլուն հայտարարություն է արել սեպտեմբերին Ղարաբաղ մոր այցելության և այդ առթիվ Ադրբեջանի կողմից ձեռնարկած հետաքննության վերաբերյալ։ Այդ պատճառով ստիպված ենք հայտարարել հետևյալը. Ադրբեջանի պետական կառույցների կողմից նախաձեռնած հետաքննության շրջանակներում, որոնք հիմնված են միջազգային պայմանագրերի վրա, արդարադատության նախարարության ներկայացրած հարցերին պատասխանել ենք ըստ ընթացակարգի», - ասված է հայտարարության մեջ:
Նրանք ընդգծել են, որ Թուրքիայում «Ղարաբաղ մեր այցելության հետ կապված ոչ մի հետաքննություն և դատական հետապնդում չկա»։
«Ճշմարտությանը չի համապատասխանում այն պնդումը, որ մենք զանգել ենք արտաքին գործերի նախարար Չավուշօղլուին ու զղջացել մեր այցելության համար։ Մենք «հակամարտությունների լուծումների» հետ կապված նման տարածաշրջաններ այցելող և ուսումնասիրություններ կատարող գիտնականներ, հետազոտողներ և լրագրողներ ենք։ Մեր այցը կապ չունի Հայաստան-Ադրբեջան վեճի և Ղարաբաղի իրավական կարգավիճակի հետ», - ընդգծել են հայտարարության հեղինակները:
Նրանք նշել են, որ դիմել են Թուրքիայի արդարադատության նախարարին, պահանջելով պաշտպանել իրենց իրավունքները Ադրբեջանի կողմից ձեռնարկած հետախուզման և սև ցուցակում ներառելու դեմ։
«Նախարարի ցանկությամբ մենք նամակ գրեցինք Ալիևին, որտեղ ներկայացրեցինք Ղարաբաղ կատարած մեր այցելության պատճառները ու հայտնեցինք մեր անհանգստությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Չընդունեցինք նախարարի առաջարկը՝ նամակի մեջ «զղջում», «ներողություն» և նման արտահայտություններ ավելացնելու համար», - ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ալի Բայրամօղլուն, Սաիտ Չետինօղլուն, Էրոլ Կատըրջըօղլուն, Ուֆուկ Ուրասը Արցախի Հանրապետություն էին այցելել սեպտեմբերի 22-ին: