Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է․

«Ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման նպատակով իրականացվող բոլոր աշխատանքները, գործընթացները և միջոցառումները դադարեցվում են»։

Որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի ավելացմամբ պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ կառավարության մարտի 16-ի որոշումը։

Բացի այդ, ԿԸՀ-ն այս որոշումը կայացրել է՝ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 208-րդ հոդվածով (Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում) և «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով (Հանրաքվե չի կարող անցկացվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ՝ անկախ ռազմական կամ արտակարգ դրությունն ընդգրկող տարածքի չափից)։