Հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու 4-րդ միջնորդությունն է ներկայացրել դատարան։ Դրա վերաբերյալ դեռևս որոշում չի կայացվել։

Այս մասին գրում է «Հետք»-ը, սակայն ՀՔԾ-ն վեր նշված տեղեկության վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի տալիս։

Ինչպես նշում է «Հետք»-ը՝ այս պահին հայտնի չէ, թե ի՞նչն է հիմք հանդիսացել Հարությունյանին կալանավորելու նոր միջնորդություն ներկայացնելու համար, ՀՔԾ-ն չի հայտնում՝ Հարությունյանի մեղադրանքը լրացվե՞լ է արդյոք որևէ նոր հոդվածով կամ դրվագով, թե՝ ոչ՞։

Հիշեցնենք, որ հետախուզման մեջ գտնվող Հարությունյանն օրերս Մոսկվայում ձերբակալվել էր, իսկ երեկ հայտնի դարձավ, որ նա ազատ է արձակվել։ Ամենայն հավանականությամբ, կալանքի միջնորդությունը ներկայացվել է այն ժամանակ, երբ Հարությունյանը Մոսկվայում ձերբակալված է եղել։

Նշենք, որ շուրջ մեկուկես տարի է՝ ՀՔԾ-ին չի հաջողվում Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշում ստանալ։ Թեև երկու անգամ դատարանները որոշել են Հարությունյանի նկատմամբ կալանքն ընտրել որպես խափանման միջոց՝ այս որոշումները հետագայում բեկանվել են։

Հատկանշական է, որ Հարությունյանի կալանքը մերժելու վերջին որոշումը, որը կայացրել է առաջին ատյանի դատարանի դատավոր Արտակ Թադևոսյանն, առհասարակ չի բողոքարկվել։

Հիշեցնենք, որ Հարությունյանը, ըստ մինչ այս պահը ՀՔԾ-ի կողմից հայտնած տեղեկությունների, մեղադրվում է ապացույցներ կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, որը զուգորդվել է բռնությամբ: