ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը հայտնել է, որ կարանտինը խախտելու համար պատասխանատվություն սահմանող օրինագծերը գրեթե պատրաստ են և շուտով կդրվեն շրջանառության մեջ։

Նա նշել է, որ խոսքը թե՛ վարչական, թե՛ քրեական պատասխանատվության մասին է՝ կախված խախտման վտանգավորությունից ու բնույթից։

Ըստ փոխնախարարի՝ արտակարգ դրության ռեժիմի խախտում կլինի, եթե քաղաքացիները վարակի կոնկրետ դեպքեր մատնանշեն կամ քննարկեն կորոնավիրսուվ վարակված անձանց։ Նման դեպքում ոստիկանությունը կարող է դիմել քաղաքացիներին այդ հրապարակումը ջնջելու պահանջով։

Պաշտոնյան հավելել է, որ կորոնավիրուսով վարակվածների մասին ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվության հետ կապված մոնիթորինգ արվում է, իսկ ոստիկանությունը որպես լիազոր մարմին կարող է վարչական պատասխանատվության ենթարկել վարակակիրների անձի, նրանց առողջական վիճակի, նրանց հետ շփվող անձանց շրջանակի մասին տեղեկատվության համար։ Վահե Դանիելյանը նշել է, որ ԶԼՄ-ների շրջանում եղել են նման խախտումներ, կոնկրետ քաղաքացիների մասով ոչինչ ասել չի կարող։

Անդրադառնալով էջմիածնեցի կնոջ հետ կապված պատմությանը և ընդհանրապես վարակակիրներին հոգեբանական ճնշումից պաշտպանելու հարցին՝ փոխնախարարն ասել է, որ առանձին մարդիկ չեն կարող տրամադրել, կամ քննարկել կամ մատնանշել անձի և նրա հետ կապակցված անձանց շրջանակը։