Վարազդատ Հակոբյանի անունը ներառվել է «Դյուցազնագրքում»։ Հերոսը Սևանի բնակիչ է՝ ծանրամարտիկ, եռամարտի չեմպիոն: Այս մասին հայտնել է Սևանի քաղաքապետի խորհրդական Արմինե Ղուկասյանը։ Փոխանցում է «Արմենպրես»-ը։

Նշենք, որ հայ դյուցազնը բարձրացնելով 260-կիլոգրամանոց ծանրաձողը, սահմանել է եռամարտի նոր ռեկորդ՝ գերազանցելով իր նախորդ ռեկորդը՝ 250-կիլոգրամանոց արդյունքը:

«Սևան քաղաքի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի սան՝ Վարազդատ Հակոբյանը ծանրամարտով զբաղվել է 12 տարեկանից: Մարզիչ Յուրա Սարգսյանի սանը գրանցել է մեծ հաջողություններ։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում: Ուսումնառությանը զուգահեռ՝ Վարազդատը շարունակել է իր մարզումները, ուժերն է փորձել ուժային եռամարտում:

2016թ․-ին Վարազդատը ճանաչվել է եռամարտի ՀՀ առաջնության չեմպիոն, իսկ 2017թ․-ին դարձել է կրկնակի չեմպիոն: ՀՀ պաուերլիֆթինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի առաջարկով՝ Վարազդատ Հակոբյանը հայտ ներկայացրեց «Դյուցազնագրքին»,-ներկայացրեց Արմինե Ղուկասյանը:

Մայիսի 15-ին Ուկրաինայի Լուցկ քաղաքում Վարազդատ Հակոբյանը ՀՀ հավաքականի կազմում կմասնակցի աշխարհի առաջնությանը: