Դամասկոսի Արևելյան Գութայում ռազմական գործողությունները և այս շրջանից Սիրիայի մայրաքաղաքի գնդակոծումները շարունակվում են։ Այդպիսով անհնար է դառնում հումանիտար օգնության տրամադրումը և հիվանդների, վիրավորների տարհանումը:

Այդ մասին փետրվարի 27-ին Ժնևում հայտնել է ՄԱԿՀումանիտար հարցերի համակարգման վարչության պաշտոնական ներկայացուցիչ Յենս Լարկեն․

«Մեր ունեցած հաղորդագրությունների համաձայն, մարտերն այսօր առավոտյան շարունակվել են: Շարունակվում են նաև Դամասկոսի գնդակոծումները Արևելյան Գութայից»,-նշել է նա, հավելելով, որ այդ տեղեկությունները ստացվել են իր գերատեսչության «գործընկերներից», որոնց հետ այն վաղուց է աշխատում:

ՄԱԿ-ը «պատրաստ է անհապաղ հումանիտար ավտոշարասյուներ ուղարկել, ինչպես նաև բժշկական նկատառումներով հարյուրավոր մարդկանց տարհանում կազմակերպել, հենց որ պայմանները թույլ տան»:

Նրա խոսքով՝ ներկայում այդ պայմանները չկան: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փետրվարի 24-ին բանաձև է ընդունել, որը Սիրիայում հակամարտող կողմերից պահանջում է առնվազն 30 օրով դադարեցնել մարտական գործողությունները բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերելու համար: Փաստաթուղթը պաշտպանել են Անվտանգության խորհրդի անդամ բոլոր 15 պետությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: