Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը քննադատել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ մանկահասակ երեխային ուղղված «մաղթանքի»՝ «հանուն երկրի զոհվելու» պատրաստակամության համար: Այս մասին Փայլանը գրառում է կատարել․

«Սա ինչ անխղճություն է: Իսկ ծափերը… Զանգվածային խելացնորությունը շարունակվում է»,- գրել է հայ պատգամավորը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մարաշում իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմնակիցների դիմաց ելույթի ժամանակ բեմ է հրավիրել ամբոխի մեջ իրեն լսող մարդկանց շարքում գտնվող կարմիր բերետավոր աղջկան, ով լալիս է եղել: Էրդողանը նշել է, թե «կարմիր բերետավորները չեն լալիս»: Այնուհետև Թուրքիայի նախագահը շարունակել է՝ ասելով.

«Եթե նա էլ զոհվի պատերազմում, նրան էլ մեր սուրբ դրոշի մեջ կփաթաթենք: Ամեն ինչի պատրաստ ես, այնպես չէ՞»: Ի պատասխան երեխան ասել է՝ այո, ինչն ուղեկցվել է ամբոխի կողմից ծափողջույններով:

Սոցիալական ցանցերում Էրդողանի նման պահվածքը լուրջ քննադատության պատճառ է դարձել: Ոմանք նշել են, որ դա մոնտաժի արդյունք չէ: Մյուսները ցավալի են համարել այն հանգամանքը, որ երկրի նախագահը խոսում է մանկահասակ երեխային զոհելու իր պատրաստակամության մասին: Որոշ օգտատերեր էլ բացարձակապես անընդունելի են համարել այն, որ երեխաները պատերազմի ու քաղաքականության գործիքի են վերածվում: