Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ արտակարգ դրության ժամանակ ՀՀ կառավարության կողմից սահմանված` սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգը խախտելը տուգանվում է սահմանված նվազագույն աշխատավարձի 200-300-ապատիկի չափով:

Կենտրոնից հորդորում են անվերապահորեն ապահովել արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության, պարետի, իրավասու մարմինների որոշումներին և կատարել ցուցումները:

Կենտրոնից նշում են, որ արտակարգ դրության տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելը տուգանվում է սահմանված նվազագույն աշխատավարձի 50-70-ապատիկի չափով:

Գործադուլների և իրավաբանական անձանց գործունեությունը կասեցնող կամ դադարեցնող այլ միջոցառումների արգելքը խախտելը կարող է տուգանվել նվազագույն աշխատավարձի 50-200-ապատիկի չափով:

Ըստ օրենքի՝ արտակարգ դրության ժամանակ տրանսպորտի տեղաշարժման սահմանափակումները խախտելը, ինչպես նաև դրանց զննման իրականացմանը խոչընդոտելը` կարող է առաջացնել նվազագույն աշխատավարձի 50-100-ապատիկի չափով:

ԶԼՄ-ի կողմից արտակարգ դրության ժամանակ արգելված հրապարակումների, հաղորդումների թողարկումը ենթադրում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 500-800-ապատիկի չափով: