Հայաստանում խաղալիքների արտադրությում անվտանգության կանոնների պահպանումը գերխնդիրներից մեկն է։

Տնտեսական զարգացման և ներդումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (ՇՎՏՄ) հանդիպել է ոլորտում ակտիվորեն աշխատող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

ՀԿ-ներին ներկայացվել են ՏՄ-ի այս տարվա գործունեության, ստուգումների և հանրային իրազեկման աշխատանքների ծրագրերը։ Քննարկման առանցքային հարց դարձած խաղալիքների անվտանգության առումով նշվեց, որ 2018թ․-ին նախատեսվում է ստուգել 47 ընկերություն։ 2017-ին ՇՎՏՄ-ի իրականացրած ստուգումները փաստում են, որ ոլորտում լուրջ բաց կա, ստուգված տնտեսվարողների մեծ մասը տուգանվել է խախտումների համար։

Ոլորտի առավել ռիսկայնության մասին է վկայում նաև 2017թ․-ին ՀՀ տարածք խաղալիքների ներմուծումների վերաբերյալ տվյալների վերլուծությունը, ըստ որի՝ նման արտադրանք ներմուծած տնտեսվարող 76 սուբյեկտներից համապատասխանության սերտիֆիկատ է ստացել ընդամենը 14-ը կամ 18,4 տոկոսը։

Ուստի ՀԿ-ների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցության հիմնական ուղղություններից մեկը սահմանել խաղալիքների անվտանգությունը և այս ուղղությամբ համատեղ քայլեր ձեռնարկել։ ՀԿ-ների ներկայացուցիները նշեցին, որ իրենց ուշադրության կենտրոնում են պահելու խաղալիքների սերտիֆիկացման գործընթացը ևս։