«Ընկերություն կա, որը պատրաստ է այսօր սկսել Երևանի ճոպանուղու կառուցումը». Արթուր Մեսչյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը նիստին հարց է ուղղել Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին․
«Երևանի ճոպանուղու կառուցումը ո՞ր փուլում է»։
Ավագանու անդամն ասել է, որ տեղեկություն ունի, որ ներդրողներ կան Հայաստանում, ուստի կուզենար մանրակրկտորեն իմանալ՝ ի՞նչ աշխատանքներ են կատարվել.
«Թույլ տրվե՞ց ներդրողին՝ հաստատել ճոպանուղու նախագիծը»։
Արթուր Մեսչյանը՝ պատասխանելով Ներսիսյանի հարցին՝ նշել է, որ այսօր կա մեկ ռեալ կազմակերպություն՝ «Doppelmayr»-ը, որը առաջարկել է ֆինանսավորման երեք տարբերակ։
«Մեկ տարբերակը, որ ընդունվել է մեր բոլորի կողմից՝ որպես ամենատրամաբանական, արդեն ուղարկվել է ֆինանսների նախարարություն և ստացել դրական պատասխան։ Հիմա հաջորդ քննարկումը պետք է լինի էկոնոմիկայի նախարարությունում, և ես հուսով եմ՝ եթե այս դինամիկան շարունակվի, ապա մենք մոտ ժամանակներս բավականին հաջողություններ կունենանք»,- ասել է Մեսչյանը։
Նա նշեց, որ ծրագրեր կան, որոնց դեպքում պետք է ավելի խորամանկ մոտեցում ունենալ։
«Եթե մենք այսօր կարողանայինք ուղիղ պայմանագիր կապել՝ «Doppelmayr»-ի հետ, որ սկսի շինարարությունը, ես համոզված եմ՝ կլիներ էսպիսի խոսակցություն՝ իսկ ինչո՞ւ է այդ ընկերությունն անում, ինչու մրցույթ չհայտարարվեց։ Էդպիսի մեծ ծրագրերը, ինչպիսիք են մետրոն կամ ճոպանուղին, երբ դրվում են մրցույթի, դա կարող է տևել տարի, տարի ու կես, որովհետև դրանք ամենաբարդ տենդերային ծրագրերն են։
Ես հուսով եմ՝ այն տարբերակը, որ մենք այսօր ընտրել ենք, խանգարիչ որևէ հետևանք չլինելու դեպքում, բավականին հաջողություն կունենա։ Տեսեք, այսօր կա կազմակերպություն, որ ուզում է այսօր սկսել ճոպանուղու շինարարությունը, բայց կա խնդիր, եթե էսօր քաղաքապետարանը վերջնական պատասխանը տա այդ ընկերությանը, անմիջապես հարց կծագի՝ ինչու մրցույթի չի դրվում։ Եթե մրցույթի դրվի, ուրեմն, տղերք, սա տևելու է տարի ու կես»,- ասել է Մեսչյանը։