Ոչ Ասպինձայում, ոչ էլ ընդհանրապես Վրաստանում կորոնավիրուսից մարդ չի մահացել, Սամցխե-Ջավախքում նույնիսկ կորոնավիրուսի հաստատված դեպքեր չեն գրանցվել:

Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Սամցխե-Ջավախքի մասնաճյուղի տվյալների համաձայն՝ մարտի 19-ի ժամը 14-ի դրությամբ, շրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 143 մարդ: Աբասթումանի Թոքաբանական կենտրոնում կարանտինի մեջ է 18 մարդ:

Ախալքալաքի մունիցիպալիտետում ներկայումս 22 մարդ ինքնամեկուսացման մեջ է: Ըստ Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնի (ՀԱԿ), նրանք բոլորը ժամանել են Հայաստանից, բացառությամբ՝ վերջինի: Վերջինս ժամանել է Հունաստանից և գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Կորոնավիրուսի ախտանիշներ նրանց մոտ չի նկատվել, ինքնամեկուսացումն անհրաժեշտ է, որպեսզի համոզվեն, որ այդ ախտանիշները 14 օրվա ընթացքում ի հայտ չեն գա:

Ըստ Ախալքալաքի ՀԱԿ-ի տնօրեն Ավետիք Տոնականյանի, Ախալքալաքի ինքնամեկուսացված բնակիչներից ոչ մեկի մոտ չի հայտնաբերվել կորոնավիրուսի ախտանշան և բոլորի ինքնազգացողությունը լավ է: ՀԱԿ-ը մշտական կապ է պահպանում այդ մարդկանց հետ:

Ինքնամեկուսացման կանոնների խախտման դեպքում նրանց կարող են կարանտինի տեղափոխել համապատասխան հիվանդանոցներում և կենտրոններում:

Վրաստանում գրանցվել է COVID 19-ով վարակման հաստատված 40 դեպք, այդ թվում՝ մեկ հիվանդ, ով ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից մարտի 16-ին: Մարտի 19-ին, ժամը 15:00-ի դրությամբ, 1592 մարդ գտնվում է կարանտինում, ևս 262 մարդ գտնվում է ստացիոնար հսկողության տակ: