ՄԱԿ-ում այսուհետ կգործի թեժ գիծ։ Այդ որոշմանը հանգել են աշխատակիցների շրջանում սեռական ոտնձգությունների հետ կապված մեծ թվով գանգատների արդյունքում։ Այսպիսով թեժ գիծը կընդունի անձնակազմի անվայել վարքագծի վերաբերյալ գանգատներ։

Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հատուկ վերապատրաստում անցած օպերատորները հեռախոսազանգեր կընդունեն փետրվարի 27-ից սկսած:

«Վաղը (փետրվարի 27-ին) կսկսի գործել «Արտահայտվիր» օգնության թեժ գիծը: Այն կգործի շուրջօրյա և թույլ կտա ՄԱԿ-ի քարտուղարության աշխատակիցներին՝ գաղտնի խոսել անկողմնակալ և հատուկ ուսուցված մարդու հետ, որը տեղեկատվություն կներկայացնի այն մասին, թե ինչպես պետք է պաշտպանվել, աջակցություն ստանալ և զեկուցել պատահածի մասին: Նպատակն անձնակազմի կարիքներին ծառայելն է, ինչպես նաև օգնել նրանց՝ կշռադատված որոշումներ ընդունելու այն մասին, թե ինչպես պետք է գործել», - նշել է Դյուժարիկը:

Ներկայում Ներքին հսկողության ծառայությունների վարչությունը ստանձնում է սեռական ոտնձգությունների հետ կապված բոլոր գանգատների հետաքննության պատասխանատվությունը, և սահմանում դիմումների ընդունման և քննարկման արագացված ընթացակարգ: Նման գանգատների հետաքննության համար ստեղծվում է հատուկ հանձնաժողով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: