Առողջապահութան նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է

«Առաջիկայում կունենանք առանձին կից հիվանդանոցներ, որոնք կսպասարկեն միայն կորոնավիրուսով հիվանդներին, որպեսզի ընդհանուր հիվանդանոցների ներսում ներհիվանդանոցային վարակի փոխանցում տեղի չունենա, ինչպես եղավ շատ տեղերում: Օրինակ՝ նույն Իտալիայում հազարավոր բժիշկներ են վարակվել կորոնավիրոսով»։

Նրա վկայությամբ՝ մարզային բուժհիմնարկներում կորոնավիրուսով հիվանդների բուժում չի իրականացվի: Բուժման ողջ գործընթացը կկենտրոնանա Երևանում:

Այժմ Նորքի ինֆեկցինոնն աշխատում է գերծանրաբեռնված: Նախարարը հայտնել է, որ վարակաբանների հնարավոր պակասը լրացնելու համար առաջիկայում ընդհանուր պրոֆիլի մասնագետներին կվերապատրաստեն կորոնավիրուսի բուժման համար: Ըստ նախարարի՝ շատ սպեցիֆիկ պատրաստության կարիք տվյալ դեպքում չկա:

Ա.Թորոսյանը՝ դիմելով դիմակ կրած լրագրողներին՝ նկատել է, որ այդ դիմակները վիրուսից չեն պաշտպանում, որովհետև վիրուսն ավելի բարակ է, քան դիմակների վրայի անցքերը:

Երկրորդը՝ դիմակները 3-4 ժամը մեկ փոխվելու ենթակա են, և չփոխվող դիմակներն ավելի վտանգավոր են, քան առանց դիմակի լինելը:

«Դիմակ կրել փակ տարածքում, փողոցում, որը քեզ չի պաշտպանելու, իմաստ չունի: Պաշտպանելու են վիրուսից N 95 կամ FFP 3 հաստությամբ դիմակները, որոնք պետք է կրվեն պատշաճ՝ խիստ ամուր կպած լինելով ամբողջ դեմքին: Ավելին՝ վիրուսակրի հետ շփվելիս պետք է կրել ամուր, աչքերը հերմետիկ փակող ակնոցներ, որպեսզի վարակը նաև աչքերի միջոցով չփոխանցվի»,- հավաստիացրել է նախարարը: