Քաղաքացիները հրաժարվում են «Varks.am»–ում ունեցած վարկերը վճարելուց
Հայաստանի վարկային կազմակերպություններից «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» ունիվերսալ վարկային կազմակերպության հաճախորդների մի մասը հրաժարվում է իր վարկային պարտավորությունները կատարելուց: Այս մասին գրում է «Հետք»-ը։
Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ հայաստանյան բանկերը որոշակի «վարկային արձակուրդ» են հայտարարել, իսկ վարկային կազմակերպությունները համեմատաբար կրավորական դիրքորոշում են ցուցաբերել։ Հայաստանում 57 մասնաճյուղ ունեցող «Varks.am» ունիվերսալ վարկային կազմակերպությունը երեկ կցկտուր հայտարարությամբ է հանդես եկել։
«Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն որոշում է կայացրել մարտի 19-ից մինչև ապրիլի 15-ը անհատական մոտեցում ցուցաբերել բոլոր այն հաճախորդներին, ովքեր պարտաճանաչ կատարել են կազմակերպության հանդեպ ունեցած պայմանագրային պարտավորությունները, և ում համար ներկայումս դժվարացել է վարկային պարտավորությունների կատարումը։ Նշված հաճախորդները լրացուցիչ կտեղեկացվեն»,- գրված է Ֆեյսբուք սոցիալական ցանցում ընկերության տարածած հայտարարության մեջ։
Մարտի 17-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում դիմել է ՈՒՎԿ-ին։ «Varks.am, մի քիչ համագործակցային եղեք և մարդկանց դրության մեջ մտեք»,- գրել էր պատգամավորը։
Այսօր արդեն իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն է անդրադարձել մի քանի վարկային կազմակերպության, այդ թվում՝ «Varks.am»-ին։ Պատգամավորը հայտնել է, որ ահազանգերի հետքերով երեկ կապ է հաստատել «Մոգո» վարկային կազմակերպության հետ, որտեղից վստահեցրել են, որ մեկ ամսով հետաձգել են վճարումները։
«Իսկ «Վարքս» և «Ֆաստ կրեդիտ» վարկային կազմակերպությունների հետ հնարավոր չեղավ կապվել, քանի որ հեռախոսները, կարելի է ասել, չեն գործում»,- գրել է Սոֆյա Հովսեփյանը և նույն գրառման մեկնաբանություններում մի պատմություն ներկայացրել
«Աշխատանքիս վայր են զանգել գյումրեցի մի մարդ «Վարկս էյ էմ»-ի հետ կապված. Գյումրու մասնաճյուղից է օգտվում։ Ուշացումներ չունեն, այս պահին երկուսն էլ չեն աշխատում արտակարգ դրության պատճառով:
«Վարքս Էյ Էմ»-ն էլ խաբել է, թե կքննարկի և հետո ասել են՝ չի լինի։ Ահա դրանց հայտարարությունը, սուտ ու անբարեխիղճ»։
«Varks.am»-ի երեկվա հայտարարության մեկնաբանությունների դաշտում ՈՒՎԿ-ի հաճախորդները հայտարարում են իրենց պարտավորությունները չկատարելու մասին, սակայն ՈՒՎԿ-ի ֆեյսբուքյան էջը կառավարողները պարբերաբար հեռացնում են այդ բովանդակությամբ մեկնաբանությունները։