Հայաստանը դիմելու է միջազգային ֆինանսական կազմակերպություններին՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները հաղթահարելու համար աջակցություն ստանալու համար։ Ինչպես հայտնել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, տվյալ կազմակերպությունների հետ արդեն բանակցում են։

«Միջազգային կազմակերպությունները փոխում են կառավարություններին աջակցելու հարցում մոտեցումը, ու երկխոսություն կա ստացվող աջակցությունն ավելի հասցեական դարձնելու ուղղությամբ», - ասել է նա։

Նախարարի խոսքով՝ հիմնական 3 տուժած ուղղությունն են տուրիզմը, դեպի ՌԴ արտահանումն ու պղնձի արտահանումը։ Պղնձի գինը կրճատվել է տարեսկզբի 1 տոննայի դիմաց մոտ $6000-ից մինչև $4800:

«Ասել, թե արտադրողները պղնձի գնանկմանը ոնց կարձագանքեն, դեռ դժվար է, քանի որ նրանից ամեն մեկը ծախսային առանձնահատկություներ ունի, բայց ակնհայտ է, որ երկարաժամկետ առումով դժվար պայմաններ ստեղծող գին է», - ասել է նախարարը։ Նա վստահություն հայտնեց, որ հարցի շուրջ այժմ մտածում են նաև արտադրողները;

Նախարարն ընդունել է, որ ՌԴ-ում տնտեսական վիճակը՝ մասնավորապես, նավթի գների հետ կապված, ազդելու է նաև Հայաստանի վրա` հատկապես այդ ուղղությամբ արտահանման հարցով, սակայն հույս է հայտնել, որ Ռուսաստանը կկարողանա արագ հաղթահարել խնդիրները։