Բարեգործական ճաշարանների մի մասը սնունդն առաքում է շահառուների բնակարաններ
Հայաստանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելուց հետո որոշ ճաշարաններ և բարեգործական կազմակերպություններ փոփոխել են իրենց աշխատանքի ռեժիմը, մի շարք ճաշարաններ սնունդ են մատակարարում բնակիչների տներ և արգելում նրանց մուտքը ճաշարանի տարածք։ Այս մասին գրում է «Հետք»-ը։
Մենք զրուցել են մի քանի ճաշարանների ներկայացուցիչների հետ հասկանալու՝ ինչպես են կազմակերպում իրենց աշխատանքը արտակարգ դրության պայմաններում:
Մարտի 13-ին Մայր Աթոռը որոշում է կայացրել դադարեցնելու բարեգործական ճաշարանների գործունեությունը։ Այս մասին նշել է Մայր Աթոռի խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը։ Ըստ նրա՝ ճաշարանները թեև փակ են լինելու, բայց ճաշարան այցելող շուրջ 1200 անձանց տասը օրը մեկ կբաշխվի անհրաժեշտ քանակությամբ պարեն:
«Խոսքը, չփչացող մթերքի մասին է, որը կարող է գործածվել 10 օրվա ընթացքում»,- հավելել է Մայր Աթոռի խոսնակը։
Հայ օգնության ֆոնդ բարեգործական կազմակերպությունը ունի հինգ բարեգործական ճաշարան, որոնք կորոնավիրուսի հայտաբերված առաջին դեպքից հետո աշխատանքի ռեժիմը փոխել են։
Նոր Նորքում, Նոր Հաճնում, Բերդում, Բյուրեղավանում եւ Գյումրիում գտնվող ճաշարաններ նախկինի փոխարեն շահառուները չեն գնում եւ տեղում ստանում սնունդ, այլ գնում են եւ կերակուրը տանում տուն։ Այս մասին տեղեկացրեց ՀՕՖ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մարգարետ Առաքելյանը։ Նա հավելեց նաև, որ ամեն ինչ անում են, որպեսզի շահառուները նույն ժամերին չմոտենան ճաշարաններ և հնարավորինս սահմանափակեն միմյանց հետ շփումը։ Այս ճաշարաններում սնվում է մոտ 800 քաղաքացի, Գյումրիի ճաշարանում սպասարկում են միայն տարեցների։
Հայկական կարմիր Խաչի ընկերությունը 2017թ.-ից Արարատի մարզի Մասիս քաղաքում գործարկել է բարեգործական ճաշարան՝ անապահով ընտանիքների և խոցելի տարեցների խմբի համար։ Կորոնավիրուսով պայմանավորված ճաշարանը փոխել է սպասարկման կարգը, 75 շահառուներին սպասարկելու համար կամավորները 50 տարեցների ամեն օր տանելու են սնունդ, որը նախատեսնում են տանել հատուկ տարաներով, իսկ անապահով ընտանիքները տեղում նախաճաշելու փոխարեն` ժամը 13.00-14.00 գնալու են ճաշարան և տու են տանելու սնունդը։ Գործընթացը կարգավորվում է Մասիսի քաղաքապետարանի հետ համագործակցելով։
«Մարտի 19-ից պատրաստվում ենք սկսել մեր տնայցերը, ամեն տարի «Կարմիր Խաչը» հավաքագրում է 2500 կամավորների, որոնք անհրաժեշտության դեպքում իրենց օգնությունն են ցուցաբերում, մեր հոգածության տակ գտնվող տարեցները կստանան իրենց օգնությունը, իրենք առավելապես գտնվում են խոցելի խմբում, ուզում ենք իրենց շփումը դրսի հետ սահմանափակել»,- ասում է Հայկական կարմիր Խաչի ընկերություն մամուլի քարտուղար Նունե Գրիգորյանը։
«Հուսո տուն» բարեգործական կազմակերպության ղեկավարը նշում է, որ իրենք եւս անցել են սպասարկման մեկ այլ ռեժիմի, նախկինի փոխարեն բարեգործական «Գթության խոհանոց» ճաշարանի շահառուները տեղում չեն սնվի, այլ որոշում է կայացվել յուրաքանչյուր շահառուի բաժանել 15 կգ սնունդ, որն իր մեջ կներառի հացահատիկեղեն, մակարոնեղեն, սառեցված հավ, բուսայուղ եւ այլն։ Ղեկավար Մովսես Պողոսյանի պնդմամբ՝ կտրամադրվի այն սնունդը, որը շահառուն սպառում է մեկ ամսում։ Սնունդը բաժանելու են բարեգործական կազմակերպության կամավորները։ Ըստ ղեկավարի` տնայցերը հնարավորություն կտան հասկանալ, թե ովքեր իսկապես կարիք ունեն օգտվելու բարեգործական ճաշարանից։ Կազմակերպությունը սպասարկելու է 215 շահառուի, գործում է Երեւանում։ Մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը, ընկերությունը եւ´ կենտրոնում, եւ´ արտագնա երեք կետերում սպասարկում է Երեւանի բնակիչներին, սակայն ղեկավարի պնդմամբ՝ կորոնավիրուսի առաջին վարակակրի հայտնաբերումից հետո արգելել են տեղում ճաշելը.
«Սկզբից ասացին, որ պատուհանից կսպասարկենք, հա, մենք մեր աշխատակցին մեկուսացրինք շփումից, բայց շահառուն, որը սոված էր հերթ չէր տալիս դիմացինին, դրա համար բացատրություն էինք տալիս, դուրս էի տանում, որ զրուցենք, ժամանակ պահեն, բայց հենց ճաշը ստանում էին, իրար հետ զրուցելով հեռանում էին։ Իսկ մեր շահառուները հիմնականում խոցելի խմբից են՝ տարեցներ, դիաբետիկներ, թոքային հիվանդություն ունեցողներ։ Գրեցինք, որ սահմանափակվում ենք, բայց մարդը կարիքավոր է, և պետք է կարիքը բավարարել»,- «Հետք»-ի հետ զրույցում նշել է Մովսես Պողոսյանը։
«Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի փոխտնօրեն Ալլա Հարությունյանի ներկայացրել է իրենց աշխատանքի կարգը՝ շահառուներին սպասարկելու են փաթեթավորված սննդամթերք տալով, Երևանում և մարզերում ունեն 1500 շահառու։ Նաև ՀԿ-ն շահառուներին տեղեկացնում է, որ հնարավորինս կրճատելու են գրասենյակ այցելությունները, ըստ փոխտնօրենի՝ այն հաճախորդները, որոնք չեն կարողանում կերակուր պատրաստել, կազմակերպության աշխատակիցները կայցելեն նրանց։
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար» բարեգործական կազմակերպության հետ համատեղ ունի բարեգործական ճաշարան Ստեփանավանում, այն գործում է 25 տարի։ Արտակարգ դրությունն այս ճաշարանի գործունեությունը ևս փոխել է.
«Ճաշարանը շարունակում է իր գործունեությունը, տնօրինությունը վերանայում է սննդի բաշխման գործընթացը` փորձելով սոցիալական աշխատողների և կամավորների միջոցով առաքել ճաշը շահառուների տներ», - նշել է ընկերակցության հանրային կապերի պատասխանատու Սուրեն Սահակյանը։