Կիև-Երևան չարթերային թռիչք կիրականացվի
Ուկրաինական SkyUp ավիաընկերությունը մարտի 25-ին կազմակերպում է Կիև-Երևան-Կիև չարթերային թռիչքը։ Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ տոմսերը վաճառվում են ընկերության կայքում։
«Համաձայն ՀՀ պարետի որոշման՝ ՀՀ քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Հայաստանի տարածք թույլ է տրվում առանց սահմանափակումների:
Հայաստան ժամանելիս սահմանային անցակետերում բոլոր անձինք անցնելու են ինտենսիվ զննման ընթացակարգեր, և համապատասխան համախտանիշների հայտնաբերման պարագայում տվյալ անձի/անձանց նկատմամբ կիրառվելու է հոսպիտալացում, մեկուսացում (ինքնամեկուսացում) և/կամ այլ սահմանափակող միջոցառումներ»,- ասվում է դեսպանի գրառման մեջ:
Բոլոր ցանկացողները պետք է գրանցվեն Ուկրաինայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում։