ՀՊՏՀ-ն 3 մլն դրամ է փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը կորոնավիրուսի տարածման կանխարգելման և հաղթահարմանն ուղղված ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումներին աջակցելու նպատակով փոխանցել է 3մլն ՀՀ դրամ։ Հայտնում են ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ Պոլիտեխնիկը՝ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը, միանում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումների աջակցման գործընթացին և Ռեկտորատի որոշման համաձայն գանձապետական համապատասխան հաշվին փոխանցում է 3․000․000 ՀՀ դրամ։
ՀԱՊՀ Ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը նշել է, որ Պոլիտեխնիկը հետայսու ևս պատրաստակամ է իր մասնակցությունը բերել COVID19-ի կանխարգելող ցանկացած միջոցառմանը։
Ավելի վաղ այդ նպատակի համար 2 մլն դրամ փոխանցելու մասին հայտարարել էր Երևանի պետական բժշկական համալսարանը, ինչպես նաև տարբեր բանկեր, կազմակերպություններ, անհատներ։
ֆինանսների նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն, 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 19.03.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 121 175 406.2 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 688: