Մեկնարկել է «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով դասընթացը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն իրականացնում է «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով արագացված դասընթաց, որին մասնակցության հայտ է ուղարկել շուրջ 4000 ուսուցիչ։
«Հեռավար ուսուցում» դասընթացն այսօր մեկնարկել է չորս խմբում ընդգրկված տարբեր առարկաներ դասավանդող ավելի քան 420 մասնագետի համար, որոնցից շուրջ 90-ն Արցախի դպրոցների ուսուցիչներ են։
Դասընթացում գրանցված բոլոր մասնակիցները դասընթացավարներից ստացել են «Հեռավար ուսուցում» համակարգ (https://elearning.armedu.am/) մուտք գործելու անհատական տվյալները, սկզբնական ցուցումները, ինչպես նաև ծանոթացել դասընթացի առաջին նյութերին և հանձնարարություններին։
Այս փուլում դասընթացում չընդգրկված ուսուցիչների և բոլոր այցելուների համար «Հեռավար ուսուցման կենտրոնի» համակարգում (https://dlc.armedu.am/) բաց և հասանելի կլինի դասընթացի բովանդակությունը։
Տեղեկացնում ենք, որ հնարավորինս շատ մասնագետներ վերապատրաստելու նպատակով դասընթացը կկրկնվի։