«Մարաթուկ» մշակույթի կենտրոնի կողմից հափշտակվել է 7 մլն 600 հազար դրամից ավելի գումար
Երևանի քաղաքապետարանի «Մարաթուկ» մշակույթի կենտրոնի տնօրենը 2013-2020թթ-ին մշակույթի կենտրոնի տարբեր հաստիքներում հրամանագրել է իր բարեկամներին, որոնք փաստացի աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց անվամբ դուրս են գրվել աշխատավարձեր, ինչի հետևանքով վատնման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 միլիոն 600 հազար դրամից ավելի գումար։
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքէջից։
Նշվում է՝ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մշակույթի կենտրոնի տնօրենը կազմակերպության երաժշտական մասի ղեկավարից, մենակատարից և խմբավարից, աշխատանքից ազատելու սպառնալիքով, տարիներ շարունակ պահանջել ու ստացել է նրանց աշխատավարձի մի մասը և յուրաքանչյուր տարվա արձակուրդային գումարները, իսկ աշխատակիցները աշխատանքը չկորցնելու համար ենթարկվել են տնօրենի պահանջներին։
«Հիշյալ ապօրինությունների հետևանքով մշակույթի կենտրոնի տնօրենը շորթմամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3 միլիոն 600 հազար դրամից ավելի կաշառք։ Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում: