Չինաստանը հայտարարել է կորոնավիրուսի բերովի դեպքերի կտրուկ աճի մասին, ինչը կապված է ԱՄՆ-ից և Եվրոպայից վերադարձողների մեծ քանակի հետ։ Դա մտավախություն է առաջացրել, որ երկրում կարող է վարակի տարածման նոր ալիք առաջանալ։ Այս մասին գրում է Reuters-ը։

Մարտի 20-ի դրությամբ 3 օր շարունակ տեղական ծագման դեպքեր չեն գրանցվել։

Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովը հայտարարել է, որ մարտի 20-ի դրությամբ գրանցված բոլոր հաստատված դեպքերը՝ 41, բերովի են։ Դրանց ընդհանուր քանակը հասել է 269-ի։

Չինաստան վերադարձողները հիմնականում արտերկրում սովորող ուսանողներն են։ Նրանք վերադառնում են, քանի որ Եվրոպայում ուսանողական հանրակացարաններից շատեըը կորոնավիրուսի պատճառով փակվում են։

Խիստ հսկողություն է սահմանվել Պեկինում և Շանհայում՝ օդային տրանսպորտով ժամանողների համար։ Վարակված մարդիկ մուտք են գործել Չինաստան նաև գլխավոր տրանսպորտային հանգույցը համարվող Շենժենով։ Հարավային և արևելյան նահանգները ևս հայտնել են բերովի դեպքերի գրանցման մասին։ Որոշ նահանգներում ժամանողների համար 14-օրյա կարատին է սահմանվել։