Մեծ Բրիտանիայի կառավարությունը կփոխհատուցի մասնավոր ընկերությունների այն աշխատակիցների աշխատավարձի 80%-ը, որոնք կորոնավիրուսի համաճարակի պատճառով զրկվել են աշխատելու հնարավորությունից։ Այդ մասին հայտարարել է Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռիշի Սունակը։

Վարչապետ Բորիս Ջոնսոնն իր հերթին հայտարարել է, որ մարտի 21-ից կփակվեն բոլոր փաբերը, սրճարաններն ու ռեստորանները, բայց հնարավոր կլինի պատվերները տուն առաքել։ Այս մասին գրում է BBC-ն։

Ֆինանսների նախարարը խոստացել է ֆինանսապես օգնել նրանց, ում սպառնում է գործազրկությունը։ Նա հայտարարել է, որ պատմության մեջ առաջին անգամ կառավարությունը կվճարի մարդկանց աշխատավարձերը՝ բիզնեսի փոխարեն։

Ըստ կառավարության` դա թույլ կտա ընկերություններին չազատել իրենց աշխատակիցներին, նույնիսկ եթե նրանք չկարողանան աշխատել պանդեմիայի պատճառով։

Բրիտանական ընկերությունները կկարողանան չվճարել ավելացված արժեքի հարկը մինչև հունիսի վերջը և կկարողանան մեկ տարով անտոկոս վարկ վերցնել։