Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ամերիկահայ հայտնի գործարար և բարերար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանի հետ: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը:

Ամերիկյան Moderna Therapeutics կենսատեխնոլոգիական ընկերությունը, որի համահիմնադիրն ու նախագահը Նուբար Աֆեյանն է, ստեղծել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, որը մարտի 17-ից կլինիկական փորձարկումներ է անցնում Միացյալ Նահանգների Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում գտնվող Kaiser Permanente առողջապահության հետազոտական ինստիտուտում:

Հեռախոսազրույցի ընթացքում Նուբար Աֆեյանն անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման և փորձարկման աշխատանքներին։

Զրուցակիցներն անդրադարձել են աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում նոր կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակին, ինչպես նաև՝ վարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին և դրանց արդյունավետությանը:

Ա. Սարգսյանը, խոսելով Հայաստանում կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման և հաղթահարման քայլերի մասին, կարևոր է համարել նաև ջանքերի համատեղումը և համագործակցությունը միջազգային գործընկերների հետ։