Մարտի 14-18-ը «Թեղուտ» ՓԲԸ-ն դադարեցրել է իր աշխատանքները: Ընկերության աշխատանքները դադարեցված լինելու մասին «Հետք»-ի հարցմանը մարտի 17-ին հաստատել է նաև Շնող համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը: Համայնքի ղեկավարն ասել է, որ ինքը եղել է տեղում և տեսել, որ Թեղուտի պոչամբարով հոսում են գրունտային ջրեր:

«Այս պահին ոչ ոք չի կարող ասել, թե ո՞րտեղից են գալիս այդ ջրերը:

«Թեղուտ» ՓԲԸ-ի ղեկավարները պնդում են, որ դրանք պոչանքային ջրեր չեն: Այժմ մասնագետներն ուսումնասիրում են պոչամբարի տարածքով գրունտային ջրերի հոսքերի պատճառները և դրանց վտանգները»,- պարզաբանել է Դավիթ Ղումաշյանը:

Մարտի 18-ի իր տարածած հաղորդագրությամբ «Թեղուտ» ՓԲԸ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնել է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն մարտի 18-ին վերագործարկվել և աշխատում է բնականոն: Հաղորդագրության մեջ նշվել է նաև, որ այս դժվարին օրերին, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը COVID-19-ի (կորոնավիրուսի) պանդեմիա է հայտարարել աշխարհում, «Թեղուտ» ՓԲԸ-ի ղեկավարությունը, ի դեմս գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոյի և գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանի, կարևորելով ընկերության աշխատակիցների առողջությունն ու անվտանգությունը, հորդորել են աշխատողներին հնարավորինս անցնել հեռավար աշխատանքային ռեժիմի (վերաբերվում է այն ստորաբաժանումներին, որոնք ունեն ժամանակավոր հեռավար աշխատելու հնարավորություն)՝ համաճարակային վարակի հնարավոր տարածումը կանխարգելու նպատակով:

Հաղորդագրությունում հանրությանը որևէ տեղեկատվություն չէր հաղորդվել ընկերության գործունեությունը 4 օր դադարեցնելու պատճառների մասին, այն դեպքում, երբ աշխատանքները դադարեցված օրերին Շնողի տարածաշրջանի բնակչության անհանգստության կենտրոնում կրկին հայտնվել էր Թեղուտի պոչամբարի տեխնիկական անվտանգությունը։

Պոչամբարի տեխնիկական վիճակի մասին հարցմանը բուլղարական «Գեոտեխմին» ընկերության հանրային կապերի տնօրեն Դանիելա Թեոֆանովան մարտի 18-ին հայտնել է․

«Ես որևէ տեղեկատվություն չունեմ և չեմ կարող մեկնաբանել՝ արդյոք աշխատում է Թեղուտի գործարանը, թե՞ ոչ։ «Գեոտեխմին»-ի մասնագետները դեռևս չեն ավարտել իրենց ուսումնասիրություններն ու գնահատականները պոչամբարի տեխնիկական հնարավորությունների և վիճակի վերաբերյալ։ Ավարտից հետո մենք եզրակացությունները կտրամադրենք պայմանագիրը կնքած ընկերությանը»:

Լոնդոնի մետաղների բորսայում պղնձի գները նվազում են։ Պոչամբարի տեխնիկական վիճակի և պղնձի գների անկումը «Թեղուտ» ՓԲԸ-ի գործունեության վրա հնարավոր ազդեցությունների մասին հարցմանը, ընկերության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մարինա Թունյանը պատասխանել է․

«Պոչամբարի հետ կապված այս պահին վտանգներ չկան: Մեր աշխատանքները պոչամբարի տեխնիկական վիճակի և կայունության դիտարկման ուղղությամբ կրում են շարունակական բնույթ: Միջազգային կազմակերպությունների ներգրավմամբ իրականացվող միջոցառումները ընթացքի մեջ են, և մենք թափանցիկորեն և պարբերաբար տեղեկացրել ենք և կշարունակենք տեղեկացնել հանրությանը արդյունքների մասին։

Տեղեկացնում ենք, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն աշխատում է բնականոն ռեժիմով: Այս պահի դրությամբ արտադրական ծավալները չեն փոփոխվել մետաղական գների նվազման արդյունքում: Այնուամենայնիվ, ընկերությունը կշարունակի դիտարկել միջազգային շուկայում մետաղական գները և կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցառումները գներին համարժեք արձագանքն ապահովելու համար: Շատ բան կախված է գների նվազման չափից, սակայն կարծում ենք, որ շուկան կինքնակարգավորվի, ինչը մեզ օգնում է լավատեսորեն նայել շուկայի զարգացումներին», - գրում է «Հետք»-ը։