Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․

«Կորոնավիրուսի տարածմանը զուգընթաց Կառավարությունը երկու խնդիր ունի՝ վարակի հետ կապված հարցերի լուծումը և տնտեսական նոր մոտեցումների գործարկումը։

Մեծ հաշվով, այս իրավիճակից ավելի ուժեղացած դուրս կգան այն երկրները, որոնք կհասցնեն տնտեսության հետագա զարգացումն ապահովող երկարաժամկետ ռազմավարական բնույթի որոշումներ կայացնել»,- ասել է նա՝ հավելելով, որ մի քանի այդպիսի որոշումներ ՀՀ կառավարությունն արդեն կայացրել է:

Վարչապետը նշել է, որ որոշվել է լայն աջակցություն ցուցաբերել տնտեսությանն ու տնտեսվարողին, որը, իր հերթին, օգտակար կլինի նաև այլ մարդկանց, և, որ արդեն իսկ պատրաստվում են արտոնյալ վարկերի փաթեթներ ընկերությունների համար, որոնք կունենան աջակցության կարիք՝ աշխատողների աշխատավարձերը վճարելու, հարկային պարտավորությունները կատարելու, հումք ներկրելու և արտադրությունը կազմակերպելու համար:

Վարչապետի խոսքով՝ Կառավարությունը որոշել է 30-60%-ով մասնակցություն ունենալ տնտեսվարողին ֆինանսավորման պրոցեսին և սուբսիդավորել վարկերը, որ տնտեսվարողները հավելյալ վճարումներ չունենան:

Փաշինյանը կարևորել է հատկապես գյուղատնտեսության ոլորտում արվող ներդրումները: Նա նշել է, որ գործադիրն աջակցություն կցուցաբերի անհատներին, որոնք առաջարկված գյուղատնտեսական ծրագրերով մասնակցություն են ունենում ոլորտի զարգացմանը: Նման պարագայում՝ Կառավարությունը կզրոյացնի վարկային բոլոր տոկոսները և կունենա ֆինանսավորման մասնակցություն՝ անհատների պարագայում մինչև 30%:

Վարչապետը նշել է նաև, որ վատ վարկային պատմություն ունեցող քաղաքացիները, որոնք ցանկանում են գյուղատնտեսության ոլորտի ծրագրերին մասնակցություն ունենալ, իրենց համայնքներում կարող են ձևավորել գյուղացիական կոոպերատիվներ, այդ պարագայում Կառավարրությունը կարող է 50-70 %-ով մասնակցություն ունենալ: