Շաբաթ օրը Հունաստանում ձերբակալվել է ուղղափառ քահանա՝ կորոնավիրուսի բռնկման պայմաններում եկեղեցում զանգվածային պատարագ անելուց հետո։ Այս մասին գրում է Euronews-ը։

Մետրոպոլիտ Սերաֆիմ քահանան պատարագ էր արել ուրբաթ երեկոյան՝ ապրիլի 19-ին ուղղափառ Զատկի տոնակատարություններից առաջ։

Քահանան շաբաթ օրը ոստիկանության կողմից հարցաքննվել է ու նրան ծանուցվել է օրենքի մասին: Քահանան ազատ է արձակվել այն բանից հետո, երբ նրան խնդրել են հետևել Հունաստանի կառավարության և Հունաստանի եկեղեցու կողմից կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում սահմանված միջոցառումներին։

Նշվում է, որ մարտի 12-ին Հունաստանում COVID-19- ից գրանցված առաջին մահից ի վեր կառավարությունը խիստ սահմանափակումներ է կիրառել՝ վիրուսի տարածումը կանխելու համար․ դպրոցները, բիզնեսները և հասարակական վայրերը փակեն են և արգելված է 10 մարդուց ավել հասարակական հավաքույթները:

Հինգշաբթի օրվանից Հունաստանում գրանցվել է կառավարության միջոցառումների 222 խախտում և ձերբակալվել է 233 մարդ, ասվում է Հունաստանի ոստիկանության հաղորդագրության մեջ:

Ըստ վերջին տվյալների՝ Հունաստանում գրանցվել է կորոնավիրուսի 13 մահվան և 530 վարակի դեպք: