Վրաստանի Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում կարանտինի խիստ միջոցներ են ձեռնարկվում։ Վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ ելքն ու մուտքն այդ շրջաններ արգելվում է, քանի որ այնտեղ կորոնավիրուսի ներքին տարածում է սկսվում։

Մառնեուլի և Բոլնիսի շրջան ռազմատեխնիկա է մտնում, ինչպես նաև վրաններով և հատուկ տեխնիկայով բեռնված բեռնատարներ, տեղեկացնում է Sputnik Gruzia-ն։

Խիստ միջոցներ են ձեռնարկվում, քանի որ կորոնավիրուսի հաստատված դեպք է գրանցվել Մառնեուլիի բնակիչ մի 67-ամյա կնոջ մոտ, որը մի քանի օր առաջ ներկա է գտնվել մոր հոգեհանգստի արարողությանը, որտեղ մի քանի տասնյակ մարդ է եղել։ Դեռևս պարզ չէ, թե ով էր վարակի աղբյուր։ Հնարավոր է համարվում, որ դա կարող է լինել կնոջ քույրը, որն Ադրբեջանից էր եկել։