«Ավրորա» նախաձեռնության #AraratChallenge շարժման հանգանակությունները կուղղվեն կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկների աջակցությանը՝ տրամադրելով թոքերի արհեստական շնչառության 10 սարք Հայաստանի հիվանդանոցներին: Այդ մասին ասվում է նախաձեռնության համահիմնադիրների հայտարարության մեջ։

«Այս պանդեմիան փոխել է համաշխարհային օրակարգը: Մինչ աշխարհն ուժերը կենտրոնացրել է պատվաստանյութ արտադրելու և վնասը նվազագույնի հասցնելու վրա, փախստականներն ու խոցելի մյուս համայնքները, որոնց անվերապահորեն աջակցում է «Ավրորան», շարունակում են տառապել և COVID-19 վիրուսի պատճառով բախվել լրացուցիչ այլ դժվարությունների: Մեզ համար կարևոր է տեսադաշտից դուրս չթողնել նրանց խնդիրները»,- ասվում է նախաձեռնության հայտարարության մեջ։

Դրանում նաև նշվում է, որ յուրաքանչյուր օր աշխարհում ավելի ու ավելի շատ մարդ է օգնության կարիք ունենալու, և դրա տրամադրումը «Ավրորայի» պարտականությունն է։

Նախաձեռնությունը բոլորին կոչ է անում միանալ «Ավրորայի»՝ ճգնաժամը հաղթահարելու ջանքերին: