Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը հայտարարել է․

«ՀՀ ամբողջ տարածքում առևտրային վայրերում կարգելվեն տնտեսական գործունեության որոշ տեսակներ՝ բացառությամբ ներկայացված վայրերում պարենային ապրանքների վաճառքով զբաղվող օբյեկտների, դեղատների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների»։

Նա նշել է, որ սահմանափակումները կգործեն երկրի ամբողջ տարածքում բարերի, կինոների և տեսացուցադրման վայրերի, շահումով խաղերի, սպորտի, զվարճությունների վայրերի վրա:

Սիմոնյանի խոսքով՝ սահմանափակումները չեն տարածվի սրճարանների գործունեության վրա, նաև ինտերնետի միջոցով իրականացվող շահումով խաղերի և վիճակախաղերի:

Նա հայտնել է, որ նշված սահմանափակումները կարող են գործել մինչև արտակարգ իրավիճակի ավարտը, չի բացառվում նաև, որ կախված իրավիճակից` դրանք ավելի շուտ վերացվեն:

Անդրադառնալով բեռնափոխադրումներին՝ փոխնախարարը նշել է, որ դեպի Վրաստան ներմուծման դեպքում, երբ վարորդը գալիս է բարձր ռիսկային գոտուց, չի թույլատրվում մտնել այդ երկրի տարածք, և վարորդին փոխարինում են: Տարանցիկ փոխանցումներն իրականացվում են հսկողության ներքո:

Իրանի հետ բեռնափոխադրումն իրականացվում է հատուկ ընթացակարգով՝ երկու երկրին անհրաժեշտ ապրանքների համար սահմանափակումներ չկան, իսկ ցանկը վերանայվում է ամենօրյա ռեժիմով:

Օդային տրանսպորտի միջոցով իրականացվող ներկրումների վրա որևէ սահմանափակում չկա: