Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ-վարակաբան Աշոտ Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արդեն 13 օր է, ինչ ես և մեր գրեթե ողջ անձնակազմը մեկուսացել ենք: Ես չեմ տեսնում իմ երեխաներին, կնոջս միայն այն բանի համար, քանի որ 24-ժամյա ռեժիմով ողջ թիմով աշխատում և շփվում ենք կորոնավիրուսի ախտանիշներով թե՛ հաստատված, թե՛ կասկածվող հիվանդների հետ։ Քանի որ բժիշկ-վարակաբան եմ, մերժել ու չբուժել հիվանդներին խիղճս, մասնագիտական կարգապահությունս և տվածս երդումը թույլ չի տալիս:

Բայց ես ապշած եմ, թե ինչ է կատարվում Երևանի փողոցներում հիմա, բոլորն այնպես են ապրում, կարծես բան չի եղել:

Հիմա ինչի՞ չեք նստում տանը:

Եթե դուք տանը չնստեք, ապա տանը կնստեն բժիշկներն ու ոչ միայն տանը…: Հավատացե՛ք, ոչ ոք ապահովագրված չէ, հատկապես՝ բուժանձնակազմը, քանի որ ամեն վայրկյան հիվանդների հետ սերտ շփման մեջ է։ ԲԺԻՇԿՆԵՐՆ ԷԼ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՏՈՒՆ ԳՆԱԼ:

Ու երբ մենք տանը նստենք, արդեն ձեզ համար ուշ կլինի: Հետո չասեք՝ եկեք գործի, մենք վատ ենք...:

Մտածե՛ք, մի քիչ մտածեք…: ՄԵՆՔ ՄՆԱՑԻՆՔ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՆՈՒՆ ՁԵԶ, ԴՈՒՔ ՄՆԱՑԵՔ ՏԱՆԸ ՀԱՆՈՒՆ ՄԵԶ»: