ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից համակարգչային սարքավորումների ձեռքբերման և ցանցային սերվերների ձեռբերման վերաբերյալ նախարարի ուղեկցող գրությամբ ստացված փաստաթղթերը, որոնց արդյունքում պարզվել է առերևույթ հանցավոր չարաշահման հանգամանք: Այս մասին տեղեկանում ենք դատախազության պաշտոնական կայքէջից։

Նշվում է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կարիքների համար թվով 100 համակարգչային սարքավորումների և 2 ցանցային սերվերների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված ՍՊԸ-ի հետ 2019թ. դեկտեմբերին կնքվել է ապրանքների մատակարարման 2 պայմանագիր՝ 29.940.000 և 9.740.000 ՀՀ դրամ արժեքով:

«Պայմանագրերի տեխնիկական բնութագրերով նախատեսված և փաստացի ձեռք բերված ապրանքների համապատասխանության վերաբերյալ նախարարության պատասխանատու անձի կողմից տրվել են դրական եզրակացություններ, կազմվել ապրանքների հանձնման-ընդունման ակտեր ու արձանագրություններ, որոնց հիման վրա ապրանքներն ընդունվել են:

Հետագայում պարզվել է, որ մատակարարված համակարգչային սարքավորումները չեն համապատասխանում պայմանագրերի տեխնիկական բնութագրերի պահանջներին: Պարզվել է, որ փաստացի մատակարարված և ընդունված ցանցային սերվերների գինը ավելի ցածր է պայմանագրերով նախատեսված սարքավորումների գներից»,- ասվում է դատախազության տարածած հաղորդագրությունում:

Այս ամենի հետևանքով պետության իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է 9.740.000 ՀՀ դրամի էական վնաս։

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: