Ռուսաստանի գլխավոր դատախազությունը որոշել է բավարարել Հայաստանի դատախազության 4 ամիս առաջ իրենց ուղարկած միջնորդությունն ու քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստան արտահանձնել հետախուզվող, «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանին։

Նշենք, որ Ռուսաստանի գլխավոր դատախազության որոշումը դեռ ուժի մեջ չի մտել։ Հետախուզվող Լևոն Սարգսյանը կարող է բողոքարկել իրեն արտահանձնելու մասին որոշումը, և եթե դատարանը բավարարի այն, Սարգսյանը չի արտահանձնվի։ Այլ խոսքով՝ դեռ վաղ է խոսել Մոսկվայի վերջնական դիրքորոշման մասին ու ամեն բան կարող է փոխվել ցանկացած պահի՝ ինչպես դա տեղի ունեցավ «Քեթրին Միհրան» մականունով Միհրան Պողոսյանի հետ, երբ նա ձերբակալվեց, սակայն հետո ինչ-որ պատճառներով կասեցվեց նրա արտահանձնման գործընթացը։ Այս մասին գրում է «Առաջին լրատվական»-ը։

«Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Սարգսյանը մեղադրվում է դեռ 12 տարի առաջ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու մեջ: Խոսքը 2008թ-ին Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման մասին է: Հեղափոխությունից հետո Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց, որ հարձակման իրական պատվիրատուն Լևոն Սարգսյանն է:

ՀՀԿ նախկին պատգամավորը մեղադրվում է ամենևին էլ ոչ քաղաքական հնչեղություն ունեցող գործով ու, ըստ ամենայնի, գործ ունենք քրեօլիգարխիկ համակարգի ներսում «ռազբորկայի» հերթական դրսևորման հետ։

Ինչպես նշում է «Առաջին լրատվական»-ը՝ Լևոն Սարգսյանի դրվագն ուշագրավ է այլ առումով։ Մի քանի օր առաջ Մոսկվայում ձերբակալվել էր Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, այդ գործով նախաքննության մարմնի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, սակայն մեկ օր անց Ռուսատանի իշխանությունները բավականին անհեթեթ մի որոշմամբ չեղարկեց այդ ձերբակալությունը։ Մոսկվան «ատամներով» պահում է Մարտի 1-ի գործով նախկին մեղադրյալներին՝ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությանյանին, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ու հիմա էլ՝ Վահագն Հարությունյանին։ Այս ամենը պետք է դիտարկել ընդհանուր շղթայի տրամաբանության մեջ ու փաստել, որ ռուսական վերնախավում, մեղմ ասած, շահագրգռված չեն Մարտի 1-ի բացահայտմամբ։

Մյուս կողմից՝ Մոսկվայում հասկանում են, որ իրենց գործողությունները հարուցում են Հայաստանի հասարակության զայրույթը, Մոսկվան նույնացնում են հայաստանյան նախկին քրեաօլիգարխայի ներկայացուցիչների թաքստոցի հետ։ Հենց այս իրավիճակում է ԶԼՄ-ներ նետվում տեղեկատվություն, որ Մոսկվան որոշել է արտահանձնել «Ալրաղացի Լյովին»։

Սա այն դեպքն է, երբ Ռուսաստանի իշխանությունը որոշել է արտահանձնել մեկին, որն առանձնապես հետաքրքրություն չի ներկայացնում անգամ հայաստանյան հին համակարգի համար։ Տպավորություն է, որ Հայաստանից հնչող քննադատությունների ֆոնին Մոսկվան որոշեց Վահագն Հարությունյանին փոխարինել Լևոն Սարգսյանով՝ նրան օգտագործելով որպես «մանրադրամ»։ Սա խնդրի համապարփակ լուծում չէ, այլ՝ ընդամենը տակտիկական քայլ, որի միջոցով Մոսկվան փորձում է սակարկել Հայաստանի իշխանության հետ։ Մոսկվայում դեռ չեն գիտակցել, որ նման մարտավարությունն ամենևին էլ արդյունավետ չէ հետհեղափոխական Հայաստանի հետ հարաբերություններում։