ԱՄՆ տեղական իշխանության մարմիններն ազատ են արձակում հազարավոր բանտարկյալների, որպեսզի կանխարգելեն մարդաշատ բանտերում և կալանավայրերում կորոնավիրուսի բռնկումը։ Այս մասին գրում է Wall Street Journal-ը։

Կալիֆոռնիայում, Նյու Յորքում, Օհայոյում, Տեխասում և ամենաքիչը տասներկու այլ նահանգներում գտնվող կալանավայրերը ժամանակից շուտ տուն են ուղարկում ոչ ծանր հանցանք գործած անձանց, տարեց կամ հիվանդ բանտարկյալներին։ Երկրի մյուս բանտերում և կալանավայրերում պաշտոնատար անձինք արգելում են այցելությունները, խստացնում են բանտարկյալների շարժը, իրականացնում են բուժզննումներ։

Փորձագետների կարծիքով՝ ճաղերի ետևում գտնվող 2.2 մլն մարդիկ, նրանց հսկող բանտապահները մեծ ռիսկի են ենթարկվում, քանի որ ապրում են մարդաշատ, նեղ տարածքներում և գերծանրաբեռնված առողջապահական համակարգի պայմաններում։

Փենսիլվանիայի, Միչիգանի, Նյու Յորքի և Վաշինգտոնի բանտերի մի շարք աշխատակիցների թեստը դրական արդյունք է ցույց տվել, որը հանգեցրել է բանտարկյալների կարանտինին։ Դաշնային բանտերի աշխատակիցների մոտ ևս հայտնաբերվել են վարակի ախտանշաններ։

Կիրակի օրը Բրուքլինում գրանցվել է վարակի առաջին դեպքը դաշնային բանտարկյալներից մեկի մոտ։ 2016թ-ի տվյալներով՝ ԱՄՆ դաշնային և պետական բանտերում 55 տարեկանից բարձր 164 000 բանտարկյալ կա։

Առողջապահական ոլորտի որոշ պաշտոնյաներ, ինչպես նաև բանտարկյալների իրավունքները պաշտպանող մի շարք անձինք առաջարկել են բանտարկյալներին զանգվածաբար ազատ արձակել։ Իրանում 54 000 բանտարկյալ է ժամանակավորապես ազատ արձակվել, որպեսզի դանդաղեցվի կորոնավիրուսի տարածումը։ Քլիվլենդում ավելի քան 400 բանտարկյալներից մի մասին ազատ են արձակել, մյուս մասին էլ տեղափոխել են պետական բանտ։ Նպատակը բանտարկյալների միջև հեռավորության և անհրաժեշտության դեպքում կարանտինի ապահովումն է։

Լոս Անջելեսի շրջանի բանտը, որն ամենամեծն է աշխարհում, ունի շուրջ 22 000 բանտարկյալ։ Փետրվարի վերջից այստեղից ազատ է արձակվել 617 բանտարկյալ։

Fox News-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքի բանտում այս շաբաթ տեղի է ունեցել երկրի ազատազրկման վայրերում կորոնավիրուսի բռնկումներից ամենամեծը՝ 38 մարդու թեստ դրական է եղել։ Ուրբաթ օրը քաղաքային իշխանությունները հաստատել են 56 կալանավորի ազատ արձակումը։ Քաղաքապետ Բիլ դե Բլասիոյի փոխանցմամբ՝ դրանց թվում են փոքր հանցանքների համար կալանավորված անձինք և վարակի նկատմամբ ամենախոցելի մարդիկ, որոնք առողջական խնդիրներ ունեն։