«Տաշիր» բարեգործական հիմնադրամը 50 մլն դրամ է փոխանցել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին, որտեղ բուժում են ստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիները:

Տրամադրված գումարի հիմնական մասը կուղղվի հիվանդանոցի բուժանձնակազմի խրախուսմանը, մնացածը՝ ժամանակակից սարքավորումներով վերազինմանը։

Եվս 50 մլն դրամ կփոխանցվի ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվեհամարին։

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը նախկինում ևս օժանդակել է կորոնավիրուսի դեմ պայքարին: Այսպես, մարտի 16-ին հիմնադրամը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համատեղ ՀՀ գործող տարեցների շուրջօրյա խնամքի 5 կենտրոնի (Երևանի Նորքի և թիվ 1 տուն-ինտերնատներ, Գյումրու և Վարդենիսի տուն-ինտերնատներ, «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամ), ինչպես նաև Էջմիածնի քաղաքապետարանին ապահովել է որոշակի քանակության դիմակներով, ձեռնոցներով, ալկոգելերով ու ախտահանիչ միջոցներով:

Նմանատիպ օժանդակություն նախատեսվում է ցուցաբերել նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը: