ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նոր նախագիծ է մշակել, որը հնարավորություն կտա արտակարգ իրավիճակի պայմաններում հստակեցնել` որ դեպքում կարող է աշխատողը վճարվել, որ դեպքում՝ ոչ, հայտնել է նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:

Սարգսյանը հիշեցրել է, որ ըստ գործող օրենքի՝ ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ գործատուն իրավունք ունի աշխատողին տեղափոխել այլ աշխատանքի, որը համապատասխանում է իր մասանգիտությանը: Սակայն, եթե այդ հնարավորությունը չկա, գործատուն փոխանցում է պարապուրդի համար՝ միջին ժամային աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան սահմանված նվազագույն չափով: Միաժամանակ, օրենսդրությամբ սահմանաված է, որ անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում գործատուն չի վճարում պարապուրդի համար:

Սարգսյանի խոսքով, քանի որ աշխատանքային օրենսգրքի երկու հոդվածի միջև տարընկալում կա, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դրանցից խուսափելու համար նոր նախագիծ է մշակել:

Նախագծով սահմանվում է նաև հեռավար աշխատանքը և նշվում, որ նման դեպքում վարձատրությունը ևս պետք է պահպանվի, եթե աշխատանքային ժամերը պահպանվում են:

Սարգսյանի խոսքով՝ չնայած ներկայիս օրենսգիրքը հնարավորություն է տալիս մեկ անհարգելի բացակայության համար ազատել աշխատողին, ստեղծված իրավիճակում գործատուն չի կարող անել դա. հնարավոր են մի շարք պատճառներ, որոնցից ելնելով օբյեկտիվորեն աշխատողը չի կարող ներկայանալ աշխատանքի:

Մասնավորապես, նոր նախագծով առաջարկվում է նաև արտակարգ դրության ժամանակ երեխաներ ունեցող աշխատողների բացակայությունները կամ ուշացումները չհամարել անհարգելի:

Ուսումնական կամ հանրակրթական արձակուրդի պատճառով ուշ ներկայացող կամ չներկայացող աշխատողը, եթե ուշացումը մինչև երկու ժամ է, կարող է վարձատրվել անփոփոխ, սակայն, եթե ուշացումն ավելի է, մինչև 14 տարեկան երեխա խնամող ծնողը կվարձատրվի փաստացի աշխատած ժամերի համար:

Սարգսյանը նշել է, որ քննարկումներ են տարվում հստակ տարանջատելու համար՝ որ դեպքերում է աշխատավարձը վճարելու գործատուն, և որ դեպքերում չի վճարելու՝ անհաղթահարելի ուժի ազդեցության պատճառով:

Նոր օրինագծով կարգավորվում են նաև այն իրավիճակները, երբ գործատուն կարող է աշխատողին աշխատանքով ապահովել, բայց աշխատողը չի կարող ներկայանալ:

Տվյալ դեպքում նախատեսվում է, որ եթե աշխատողը չի ներկայացել կամ ներկայացել է ուշացումով, վճարվում է ըստ աշխատաժամանակի՝ փաստացի կատարած աշխատանքով:

Եթե աշխատողը չի կարող աշխատանքը կատարել հեռավար ռեժիմով և չի կարող այցելել աշխատավայր, ապա կարող է օգտվել չօգտագործված ամենամյա արձակուրդից՝ ըստ իր ցանկության:

Նոր օրինագծի կարգավորումները կտարածվեն նաև օրավարձով աշխատողների վրա: Նախարարության կողմից ներկայացված նախագիծը կառավարությունը դեռ չի հաստատել, հնարավոր են նոր փոփոխություններ: