Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման վտանգով պայմանավորված՝ վաղաժամ դադարեցնում է նախընտրական հանդիպումները:

«Չնայած Մայր Հայրենիքում իրականացվող պայքարի տարբեր եղանակներին ու կիրառվող խիստ միջոցներին՝ մտահոգիչ է, որ նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել: Ինչպես տեղյակ եք, օրեր առաջ մեր քաղաքական թիմը հրաժարվել էր փակ տարածքներում ինտենսիվ հանդիպումների անցկացումից, սակայն, հաշվի առնելով օրըստօրե վարակի ներթափանցման ու տարածման վտանգը, որոշում ենք կայացրել մարտի 25-ին եզրափակել մեր հանդիպումները նաև բաց տարածքներում»։

Նա հայտնել է, որ իրավիճակով պայմանավորված՝ մեկ օրով հետաձգում է նաև մարտի 25-ին նախատեսված առցանց ասուլիսը: Թեկնածուն հայտարարել է, սակայն, որ մարտի 24-ին Մարտունի քաղաքի մարզադաշտում կհանդիպի շրջկենտրոնի բնակչության հետ: