ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հորդորել է անտարբեր չլինել՝ սեփական ու դիմացինի առողջության հանդեպ՝ խնդրելով հետևել տանը մնալու կոչին:

Պատգամավորը հիշեցրել է, որ Իտալիայում ավելի քան 2600 բուժաշխատող վարակված է կորոնավիրուսով, 13-ը մահացել են։

«Վաղը որ բժիշկ չեղավ, ո՞վ է ձեր առողջությամբ զբաղվելու։ Մի ստիպեք, որ բժիշկները ստիպված լինեն ընտրել՝ ով ապրի, ով՝ ոչ։ Դա ծանրագույն բեռ է, որով նրանք հետո ամբողջ կյանքում ապրելու են կամ էլ մեռնելու»,- գրել է նա:

Կարապետյանը նշել է, որ մարտի 23-ին ՀՀ-ում հատկապես երիտասարդները հաճախ առանց դիմակի և սոցիալական հեռավորություն պահելու զբոսնում են։

«Անտարբեր մի՛ եղեք։ Անտարբերությունն այն ախտն է, որն ի վիճակի է ուտել ցանկացած հասարակություն։ Քաղաքակրթության մակարդակը որոշվում է մարդու՝ դիմացինի նկատմամբ հոգ տանելու ունակությամբ։ Ի վերջո, մեզանից ամեն մեկը ճանաչելու է մարդու/մարդկանց, ովքեր մահացան COVID-19-ից։ Պետք չի մտածել, որ դուք հաջողակ եք և ձեզ ոչինչ չի պատահի»,- գրել է նա: