ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը Պարետատան նիստին հայտարարել է, որ 7 օրվա ընթացքում միայն առաջնային անհրաժեշտության տեսակի ծառայությունները, խանութները ու դեղատները պետք է աշխատեն:

«Ուզում եմ նաև տեղեկացնել, որ ընդհանուր առմամբ մեր կողմից կիրառվող միջոցառումները մինչ այս փուլը եղել են արդյունավետ և 7 օրվա ավելի խիստ ռեժիմին անցում կատարելու նպատակը լինելու է վերահսկելիությունը շարունակել պահել և շարունակել զարգացնել այն գործիքակազմը, որը մեզ թույլ կտա վարակի շղթաները հայտնաբերել ու կանխարգելել»,- ասել է նա:

Ավինյանը տեղեկացրել է, որ տարածվելու են տեղաշարժի սահմանափակումներ ՀՀ քաղաքացիների համար և յոթ օրվա ընթացքում պետք է հնարավորինս փորձ արվի պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը:

Նա հայտնել է, որ սահմանափակումների ցանկի հրապարակումից հետո նոր մեխանիզմներ կներդրվեն, որոնք թույլ կտան ՀՀ-ով քաղաքացիների տեղաշարժը հնարավորինս սահմանափակել:

«Մեր քաղաքացիներին կոչ կանենք մնալ ինքնամեկուսացված, որպեսզի մենք ունենանք ժամանակ արդիականացնելու մեր գործիքակազմը և շարունակելու արդյունավետ պայքարը կորոնավիրուսի դեմ»,- հայտարարել է նա: