ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգին:

Քննարկվել են Չինաստանի հետ համագործակցության այս տարվա օրակարգային հարցերը: Մասնավորապես անդրադարձ է եղել միջպետական ծրագրերով Չինաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու հնարավորություններին և խնդիրներին: Այս համատեքստում նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ 2018թ․-ի հունվարից գործողության մեջ մտած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջները իրավական նոր կարգավորումների անհրաժեշտություն են առաջացնում միջպետական ծրագրերով օտարերկրյա բուհերում սովորելու ցանկություն ունեցող ՀՀ զինապարտ քաղաքացիների համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Երևանում կառուցվող չինական դպրոցի շինարարության ընթացքին, նշվել է, որ նախատեսված ժամկետում՝ 2018թ․-ի սեպտեմբերի 1-ին դպրոցը պատրաստ կլինի: Քննարկվել են նաև ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին և հայ-չինական համագործակցությանն առնչվող մի շարք աշխատանքային հարցեր: