Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2020թ-ն անկումային է լինելու համաշխահային տնտեսության համար և չնայած ՀՀ-ի պարագայում կանխատեսումները դրական են, բայց երկիրը կորցնելու է աճի այն տեմպը, որ կար 2019թ-ին՝ հավելելով, որ այս վիճակն ընկալվում է որպես նոր հնարավորություն:

«Աշխարհում ՀՆԱ 3 տրլն դոլարանոց անկում է լինելու, այսինքն՝ համաշխարհային շուկայում այդքան տեղ է ազատվելու, և մենք այսօրվանից պիտի տրամադրվենք, որ ազատված տեղի առնվազն 30 մլրդ դոլարը ՀՀ-ն պետք է զբաղեցնի ու այս խնդիրը պետք է լուծի առաջիկա 5 տարվա ընթացքում: Մենք խնդիր ենք դրել զբաղեցնել ազատվող շուկայի 1%-ը և ես հավատում եմ, որ կարող ենք դա անել»,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհը հիացած է հայ գործարարների տաղանդով, որոնց շնորհիվ ՀՀ-ն պարենային դեֆիցիտ չունեցավ և չունի, և հավելել, որ Կառավարությունը հստակ քայլեր է մշակել բիզնեսին օժանդակելու համար:

Վարչապետը հայտնել է, որ Կառավարությունը 150 մլրդ դոլարի փաթեթ է նախապատրաստել ոչ թե ճգնաժամին դիմակայելու, այլ հետճգնաժամային հաղթանակներին նպաստելու համար:

Փաշինյանը նշել է, որ առաջիկայում կընդունվի նաև գյուղատնտեսության խթանման նոր ծրագիր, երկրում բոլոր տեսակի նոր տրամադրվող գյուղատնտեսական վարկերի տոկոսները կզրոյացվեն, առանձնահատուկ պայմաններ կստեղծվեն ռեալ աշխատող և նոր ձևավորվող գյուղատնտեսական կոոպերատիվների համար:

Վարչապետը հայտնել է, որ Կառավարության առաջիկա նիստում հատուկ փաթեթ կընդունվի գործող բիզնեսների լիկվիդայնության հնարավոր խնդիրները չեզոքացելու և անհրաժեշտ լիկվիդայնությամբ ապահովելու` այդ թվում՝ աշխատատեղերը պահպանելու և աշխատավարձերը վճարելու համար:

Փաշինյանն իր ուղերձը եզրափակել է լավ լուրով՝ մարտի 24-ին մեկուսացումից տուն է վերադարձել 37 քաղաքացի և կորոնավիրուսով վարակված ևս 2 քաղաքացի առողջացել են, վերջիններիս ընդհանուր թիվը հասել է 4-ի