Հայաստանում Նորարարությունների մրցակցային հիմնադրամի կողմից տրամադրված ֆինանսավորման շնորհիվ ԵՊՀ բուհի կողմից հատուկ առանձնացված տարածքում իրականացվել են անհրաժեշտ վերանորոգման աշխատանքներ, կենտրոնը զինվել է անհրաժեշտ գույքով և տեխնիկայով, գերժամանակակից նորագույն սարքավորումներով: Ներդրվել է 246,726,000 ՀՀ դրամ:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր այցելել է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում բացված «Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն»: Նախարարը շրջել է կենտրոնում, ծանոթացել դրա հնարավորություններին, զրուցել աշխատակիցների հետ: Ըստ Լևոն Մկրտչյանի՝ կենտրոնի բացմամբ քայլ առ քայլ սկսում է իրականացվել այն ծրագիրը, որի հիմնական նպատակն է նորարարական միտք և դրա համար անհրաժեշտ զինանոցի առկայություն ապահովել ՀՀ-ում: «Դրա համար նախ շնորհակալություն մայր բուհին, որ այս ծրագրում շատ կարևոր դերակատարություն է ստանձնել և կարողանում է աստիճանաբար ոտքի կանգնեցնել ԵՊՀ-ի, բնականաբար նաև հանրապետության գիտությունը: Այս ծրագրի ամենակարևոր արդյունքն այն է, որ կարողանում ենք երիտասարդ գիտնականներին իրենց հետաքրքրությունների և մասնագիտական կարողությունների շրջանակում ապահովել համաշխարհային որակի աշխատատեղերով: Մենք իսկապես պարտավոր ենք ճանապարհ բացել այն շնորհալի երիտասարդների համար, ովքեր կարողանում են ժամակակակից գիտությանը համարժեք քայլել: Ժամանակին ասում էին, որ կենսաքիմիայի, կենսատեխնոլոգիաների ուղղությունները մեր երկրում կիրառելի չեն, քանի որ խիստ թանկ են և պահանջում են մեծ հնարավորություններ, սակայն կյանքը ցույց տվեց, որ ճիշտ դպրոցի առկայության պայմաններում և ճիշտ կառուցվածքի դեպքում շատ սուղ միջոցներով հնարավոր է ստանալ լավ որակ»:

Մանրէաբանական մագիստրոսական ծրագրերի մշակման և ներդրման ընթացքում միջազգային հաջողված փորձի հաշվի առնման նպատակով իրականացվել են մի շարք այցեր եվրոպական և ամերիկյան հեղինակավոր բուհեր և կենտրոններ՝ ԱՄՆ Բերկլիի համալսարան, Միացյալ կենսաէներգիայի ինստիտուտ և Սանդիայի ազգային լաբորատորիաներ: Նաև այս փորձը հաշվի առնելով՝ մշակվել է միջազգային չափանիշներին համապատասխան, նորացված մագիստրոսական ծրագիր, որի մշակման ընթացքում սերտ համագործակցություն է հիմնվել ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի կոնսորցիումի մասնակիցների միջև՝ Երևանի գարեջրի գործարան, Չանախ ՍՊԸ, ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն: Բացի այդ, կենտրոնը թույլ կտա նաև ծավալել ձեռնարկատիրական գործունեություն, ինչին էապես կարող է նպաստել նաև կենտրոնի հավատարմագրման գործընթացը:

Հավելենք, որ Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում 2015-2019 թթ․-ին ՆՄՀ դրամաշնորհների տրամադրման համար նախատեսված է 5.8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Իրականացվել է բուհերին մրցակցային հիմունքներով դրամաշնորհների տրամադրման առաջին շրջափուլը, որի արդյունքներով դրամաշնորհներ են տրամադրվել 6 բուհերի: