2019թ-ի ընթացքում 24-500 մլն դրամ շրջանառություն ունեցած ընկերությունները կարող են օգտվել Կառավարության աջակցությունից, եթե գործունեություն են ծավալում մշակող արդյունաբերության, կացության և հանրային սննդի կազմակերպման, փոխադրումների և պահեստային տնտեսությունների կազմակերպման, զբոսաշրջային, սպասարկման և առողջապահական ոլորտներում:

«Կազմակերպությունների ընտրությունը կատարում է ոչ թե բանկային համակարգը, այլ ընտրվում են իրենց բնորոշ այնպիսի օբյեկտիվ չափորոշիչներով, որոնք առկա են եղել 2019թ-ի ընթացքում. կազմակերպությունը որևէ ժամկետանց պարտավորություն չպետք է ունենա և պետք է լինի օրինապահ հարկատու»,- ասել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նշված եղանակով վարկային միջոցները կարող են վերցվել, եթե ընկերությունները վճարում են աշխատակիցների աշխատավարձը (3 ամսվա համար՝ յուրաքանչյուրին 300,000 դրամի սահմանաներում), եթե վճարվում են պետական հարկեր կամ տուրքեր, ձեռք է բերվում հումք, կատարվում են կոմունալ վճարումներ, փոխանցում վարձակալության վճարներ:

«Այս կազմակերպություններն իրենց 2019թ-ի շրջանառության 10 տոկոսի չափով կարող են դիմել, ըստ էության, պետական ֆինանսավորման հաշվին դառնալով ավտոմատ եղանակով վարկավորվող: Առևտրային բանկերը որևէ վարկի վերադարձելիության ռիսկ չեն վերցնում, այստեղ կազմակերպությունը դիմում է պետական միջոցներով ֆինանսավորման համար՝ ներկայացնելով միայն շահառու ֆիզիկական անձի՝ տվյալ բիզնեսի անձնական երաշխավորությունը»,- ասել է Խաչատրյանը:

Ըստ նախարարի՝ ծրագիրը հնարավորություն է տալիս, որ յուրաքանչյուր ընկերություն դիմի 2.4 մլն դրամից մինչև 50 մլն դրամ վարկավորման համար: Վարկավորումն առաջարկվում է 3 տարվա համար, առաջին երկու տարին 0%-ով, երրորդը՝ 12% դրամային տոկոսադրույքով: Վարկառու կազմակերպությունը, կառավարության նախնական որոշմամբ, 6 ամիս վարկի մարում չի իրականացնի: