Հավանայում փետրվարի 26-ին բացվել է կուբայական սիգարների միջազգային փառատոնը: Հեղինակավոր համաժողովին, որը Կուբայի մայրաքաղաքում անցկացվում է արդեն քսաներորդ անգամ, մասնագետներ, գործարարներ և ծխախոտը գնահատողներ են եկել ավելի քան 70 երկրներից։ Փառատոնի կազմակերպիչն է Habanos կորպորացիան՝ Կուբայի Tabacuba պետական ընկերության և Մեծ Բրիտանիայի Imperial Tobacco ընկերության համատեղ ձեռնարկությունը:

Ավանդույթի համաձայն՝ փառատոնի անցկացման վայր է դարձել Համագումարների պալատը, որտեղ իրենց ստենդներն են բացել սիգարներ արտադրողները և հյումիդորները՝ «աբանոսը»(habanos), ինչպես կոչում են սիգարները Կուբայում, պահելու համար՝ ձեռագործ տուփեր պատրաստողները:

Համաժողովի ծրագրում ներառված են նաև այցելություններ ծխախոտի պլանտացիաներ Կուբայի Պինար դել Ռիոյի արևմտյան նահանգում, որը համարվում է աշխարհի ծխախոտաբուծական լավագույն տարածաշրջաններից մեկը: Բացի դրանից, փառատոնի հյուրերը կկարողանան մասնակցել տարբեր վարպետության դասերի, այդ թվում՝ սիգարների ոլորման դասերի:

Կուբայական սիգարներն առավել մեծ պահանջարկ են վայելում Իսպանիայում, Ֆրանսիայում, Չինաստանում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Լիբանանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Մեծ Բրիտանիայում և Կանադայում:

Tabacuba-ն Կուբայում կառավարում է սիգարների 96 ֆաբրիկա: Դրանցից 46-ում սիգարներն արտադրվում են բացառապես արտահանման համար և ոլորվում են միայն ձեռքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: