Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարության բուժհաստատությունների կողմից շարունակվում է վերին շնչառական ուղիների սուր վարակների մշտադիտարկման գործընթացը:

Այս պահի դրությամբ համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները փաստում են, որ 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, նկատվում է ստացիոնար և ամբուլատոր դիմելիության նվազում:

Ըստ լաբորատոր հետազոտության արդյունքների՝ հանրապետությունում շրջանառվում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը և գրիպի Բ տեսակի հարուցիչները:

Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում և հորդորում է.

  • ✅ խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
  • ✅ եթե հիվանդ եք, մնացե´ք տանը՝ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
  • ✅ եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
  • ✅ մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
  • ✅ հագնվե´ք եղանակին համահունչ,
  • ✅ պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
  • ✅ օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
  • ✅ հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
  • ✅ հետևե´ք անձնական հիգիենայի կանոններին։