Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի կանոնակարգերում փոփոխություններ են կատարվել։ Այս մասին հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Փոփոխված կանոնադրությունը ուժի մեջ կմտնի արդեն իսկ հաջորդ մրցաշրջանից:

Այսուհետ Անգլիայի, Գերմանիայի, Իսպանիայի և Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 1-ինից 4-րդ տեղերը զբաղեցրած թիմերը միանգամից կմասնակցեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլին:

Եվս 6 մասնակից հայտնի կդառնա որակավորման փուլի ընթացքում: Յուրաքանչյուր ակումբ, որը դուրս կմնա Չեմպիոնների լիգայի որակավորման փուլից, հնարավորություն կունենա հաջողության հասնել Եվրոպա լիգայում:

ՉԼ-ի 2018/19թթ. խաղարկությանը կմասնակցեն ՉԼ-ի գործող չեմպիոնը, ԵԼ-ի գործող չեմպիոնը, ՈւԵՖԱ-ի առաջին 4 ուժեղագույն ասոցիացիաների 4 ակումբները, ուժեղագույն 5-րդ և 6-րդ ասոցիացիաների 2 ակումբներ (Ֆրանսիա, Ռուսաստան), և 7-ից 10-րդ ուժեղագույն ասոցիացիաների չեմպիոնները (Պորտուգալիա, Ուկրաինա, Բելգիա, Թուրքիա):

Եթե ՉԼ-ի գործող չեմպիոնը` հաղթելով ներքին առաջնությունում ստանա խմբային փուլում հանդես գալու իրավունք, ապա ազատված տեղը կզբաղեցնի 11-րդ ուժեղագույն ասոցիացիայի չեմպիոնը (Չեխիա):

Եթե ԵԼ-ի գործող չեմպիոնը ներքին առաջնությունում հաղթելու շնորհիվ կրկին ստանա ՉԼ-ի խմբային փուլում հանդես գալու իրավունք, ապա ազատված տեղը կզբաղեցնի 5-րդ ուժեղագույն ասոցիացիայի (Ֆրանսիա, Լիգա 1) երրորդ տեղը զբաղեցրած ակումբը:

Մեկ ասոցիացիան ՉԼ-ի խմբային փուլում կարող է ներկայացվել առավելագույնը 5 ակումբով:

Եվրոպա լիգայի խմբային փուլին կմասնակցի միանգամից 17 ակումբ, 21 ակումբ խմբային փուլի ուղեգիր կնվաճի որակավորման փուլի ընթացքում:

Եվս 10 ակումբ ավտոմատ կերպով ԵԼ-ի ուղեգիր կնվաճի ՉԼ-ի խմբային փուլում 3-րդ տեղը զբաղեցնելու համար: