ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պաշտոնյայի կողմից առերևույթ կաշառք ստանալու դեպք է բացահայտվել։ Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից։

Ստացված փաստերի համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության հանձնաժողովներից մեկի նախագահը, հանձնաժողովի մյուս 2 անդամի հետ նախնական համաձայնությամբ, փորձաքննության դիմած քաղաքացիների օգտին նախընտրելի որոշում կայացնելու, այն է՝ հաշմանդամ ճանաչելու, տևողության ժամկետը սահմանելու, հաշմանդամության խումբը փոխելու համար, տևական ժամանակ որպես կաշառք ստացել է 20,000-ից մինչև 100,000 դրամ, որից հանձնաժողովի անդամներին հատկացրել է մասնաբաժին։

Միայն 2020թ-ի մարտին իր աշխատասենյակում փորձաքննության դիմած 6 անձից որպես կաշառք մաս-մաս ստացել է խոշոր չափերով՝ ընդհանուր առմամբ 300,000 դրամ գումար։

Հանձնաժողովի նախագահը մարտի 23-ին իր աշխատասենյակում հերթական անգամ կաշառք առձեռն ստանալիս բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել։ Խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է կաշառքի առարկան, իսկ կաշառք տվող անձինք խոստովանել են հանցագործության կատարումը։

ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով կաշառք ստացած պաշտոնյան ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է։