Թեստավորման արդյունքում ևս երկու զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, 35 զինծառայողի թեստավորման արդյունքը բացասական է, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Նա նշել է, որ հաստատված դեպքերը փոխկապակցված են տվյալ զորամասում գրանցված առաջնակի դեպքի հետ: Զինծառայողները հոսպիտացված են, նրանց առողջականը գնահատվում է բավարար։ Երկու զինծառայողն էլ նախապես մեկուսացված էին։

«Հինգ վարակված զինծառայողից ոչ մեկը չունի թոքաբորբ, մեկի մոտ առկա է թույլ արտահայտված ջերմություն, մյուս չորս զինծառայողները բացարձակ չունեն հիվանդությանը բնորոշ ախտանիշներ։

Զինծառայողների հետ սերտ շփում ունեցածները շարունակում են մնալ մեկուսացված հատուկ առանձնացված տարածքում, որն ապահովված է կենցաղային անհրաժեշտ պայմաններով լիարժեք մեկուսացման համար։ Մեկուսացված զինծառայողներին մատուցվում է բարձրակարգ սնունդ»,- ասված է հայտարարության մեջ։